Անպտղություն. բժիշկների գնահատմամբ` հորմոնալ հիմքեր ունի

Երիտասարդ հայ ընտանիքների 17 տոկոսը անպտղության խնդիր ունի:

Հայաստանում վերարտադրողական տարիքի ընտանիքների 17 տոկոսին չի հաջողվում երեխա ունենալ: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տվյալներն են: Գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը նշում է, որ առաջնային անպտղության, այսինքն` նորմալ ամուսնական հարաբերությունների պայմաններում չգրանցվող հղիության խնդիր ունի երիտասարդ հայ ընտանիքների 5 տոկոսը, իսկ երկրորդային` 12-ը: Անպտղությունը երկրորդային է կոչվում, եթե դրան նախորդել է գոնե մեկ հղիություն` թեկուզ չզարգացող: Հիմնական պատճառները երկուսն են` սեռավարակներ եւ աբորտներ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` անպտղության ցուցանիշը կրիտիկական, 15 տոկոսից բարձր է Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի շատ երկրներում: Հայաստանում անպտղության ամենահաճախակի դեպքերը գրանցվում են մայրաքաղաքում, Արմավիրի, Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում: Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում դա հիմնականում ակտիվ միգրացիայով է պայմանավորված եւ տղամարդկանց միջոցով տարածվող սեռավարակներով: Խնդիրը, բժիշկների գնահատմամբ նաեւ հորմոնալ հիմքեր ունի: Օրինակ` յոդի պակասը: Սեռավարակներից անպտղության հաճախակի պատճառ է խլամիդիոզը: Կինը կարող է վարակի կրող լինել, բայց չիմանալ այդ մասին, ինչն էլ պատճառ է դառնում ուշացած բուժման եւ անցանկալի հետեւանքների: Բուժումը կազմակերպվում է հակաբիոտիկներով, զույգը պետք է միասին բուժվի: Հանքարդյունաբերության հետ կապված անպտղության դեպքերի մասին ՄԱԿ-ի bնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը կոնկրետ հետազոտություն չի արել:

Գարիկ Հայրապետյանն ասում է, որ եթե հասանելի լինեն հակաբեղմնավորիչները, կկանխվի նաեւ անպտղության դեպքերի մի մասը: Իրազեկված լինելն ու խնդրին գրագետ մոտեցումը կօգնի նաեւ այս դեպքում, համոզված են մասնագետները: Եվ որպեսզի գործը չհասնի արհեստական թանկարժեք ճանապարհներով երեխա ունենալուն, պետք է պահպանել սեռական հիգիենայի տարրական կանոններն ու հետեւել սեփական վերարտադրողական առողջությանը` տարին գոնե մեկ անգամ համապատասխան մասնագետի մոտ այցելելով:

 

Հեղինակ` Կարինե Հարությունյան

Աղբյուրը` http://www.armnewstv.am/